ՈՒկրաինայի ողջ ընդերքը ստանալուց հետո՝ ամերիկացիները չեն բավարարվում: Պուտինին, բացի Ղրիմից, Դոնբասից ու Լուգանսկից, վաճառում են էլի որոշ տարածքներ: Բացի այդ, Ուկրաինայի վերականգման ծրագրից ստացվելիք բոլոր օգուտների 50 տոկոսը պիտի ստանա ԱՄՆ-ը, և սա ամերիկյան ավարի ողջ ցանկը չէ:
Թե ինչեր են ստանալու ռուսական կողմից, դեռ կպարզվի, դա միանշանակ ավելի մեծ արժեք պիտի ունենա:
Բայց, այսքանից հետո, ամերիկացիները Ուկրաինային խոստանում են «սուվերեն կարգավիճակ»:
Օրեր առաջ Թրամփը Սաուդյան արքայազնի հետ Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ շատ կարճ խոսքով ձևակերպեց ամերիկյան դոկտրինը. «Կարևոր չէ՝ արքայազնի ձեռքը որտեղ է եղել, ինքը պատրաստ է այն սեղմել»: Սաուդները խոստացել են մեկ տրիլիոն դոլարի ներդրում կատարել ԱՄՆ-ում:
Եվ պետք չէ այս ամենը վերագրել Թրամփին ու թրամփիզմին, սա հենց ԱՄՆ-ի քաղաքականությունն է:
Երբ վերջերս ասում էի, որ Ղարաբաղը հանձնվեց նախ և առաջ ԱՄՆ-ի թողտվությամբ, որոշ մոլորյալ լևոնա-նիկոլականներ հակադարձում էին, թե բա՝ Ղարաբաղը մերը չէր, որ հանձնեինք:
Այժմ այդ խելոքներին հարցրեք՝ իսկ Ղրիմը, Դոնբասը, Լուգանսկը, Խերսոնն ու էլի որոշ տարածքներ Ուկրաինայի՞նն են, թե՞ Ղարաբաղի պես տարածքներ են...
Այս հարցը ակտուալ է Հայաստանի համար, քանզի մեր խնդիրները Ղարաբաղով չեն վերջացել, ինչպես փորձում են համոզել մեր տեղական մանիպուլյատորները:
Վաշինգտոնը բարդ վիճակում է, այլևս դեմոկրատիա խաղալու ժամանակ ու ռեսուրս չունի, ամեն ինչ պատրաստ է վաճառել, միայն թե լավ վճարող լինի. սա է ժամանակակից պրագմատիկ քաղաքականությունը: Սակայն նման քաղաքականությամբ գերտերության տիտղոս կրելը անհնար է:
Բայց դրանով մխիթարվել չենք կարող, քանզի մեր սեփական քաղաքականությունն է անկենսունակ, մեր երկիրը շատ նման է Ուկրաինային, հատկապես՝ ներքաղաքական առումով:
Արա Արայան